Համաճարակի պայմաններում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ պետք է դատապարտվի. վարչապետ
Համամոլորակային մարտահրավերները պահանջում են միասնական գործողություններ, այլ ոչ թե առճակատում: Այդ մասին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Համաճարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է և պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար», ընդգծել է վարչապետը:
Տեսակոնֆերանսի ընթացքում վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:
Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար:
Կարծիքներ