Խորհրդարանն ավարտեց յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները

Խորհրդարանն ավարտեց յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները

Խորհրդարանն այսօր ավարտեց յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները։

Նիստի վերջում պատգամավորները քվեարկեցին նախօրեին եւ այսօր քննարկված օրենքի նածագծերը։

Մասնավորապես՝ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը 98 կողմ ձայնով։ Այս նախագծով պատգամավորների նպատակն է եղել ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության եւ կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, ապահովել հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, Կարգավորող մարմնի անկախությունը եւ ապահովել, օժանդակել եւ զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը: Այս նախագծին բոլոր ներկա պատգամավորները կողմ են քվեարկել։

Պատգամավորները ընդունեցին նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։ «Լուսավոր Հայաստան» խմաբկցության պատգամավորները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին, որի արդյունքում ստացվեց 83 կողմ, 16 դեմ ձայն։ Այս օրենքով առաջարկվում է, որ թոշակառուներն իրենց ամսական կենսաթոշակներրը ստանան անկանխիկ եղանակով՝ բացառությամբ մի քանի սահմանած դեպքերի։ Մասնավորապես՝ եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է նրա 75 տարին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին օրինագծին՝ մատնանշելով, որ այն բազմաթիվ անհարմարություններ է պատճառելու։ Մասնավորապես՝ նրանք առաջ քաշեցին գյուղական փոքրիկ համայնքների օրինակներ, որտեղ չկա տրանսպորտ, բանկոմատ, ուստի եւ դժվար է հասնել մոտակա համայնք, որտեղ առկա է բանկոմատ։

Նախագծի զեկուցողները պարզաբանեցին, որ օրենքով նախատեսված է 1000-ից պակաս բնակչություն ունեցող բնակավայրերում օրենքը կիրառել 2024 թվականից, ուստի մինչ այդ նման խնդիրները կարգավորված կլինեն։ Նրանք նաեւ հավելեցին, որ սույն օրենքն առհասարակ հետաձգվում է 6 ամսով, ինչի արդյունքում կշտկվեն մի քանի տեխնիկական հարցեր։

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Սա, այսպես ասած, կարմիր գծերի մասին օրենքի նախագիծն է։ Այն ընդունվեց 96 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով։ Ըստ այս օրենքի նախագծի՝ առաջարկվում է Երեւանի 12 վարչական շրջաններից կարմիիր գծեր թողնել միայն երկուսում՝ Կենտրոնում եւ Արաբկիրում։ Նախատեսվում է նաեւ տուգանքների մասին ծանուցումներն ուղարկել բացառապես 15 րոպե տեւողությամբ տեսանյութի առկայության դեպքում։ Սակագներն, առայժմ չեն փոփոխվել, սակայն, ըստ օրենքի նախագծի, այդ լիազորությունները տրված են ավագանուն, եւ այն կարող է դրանք փոփոխելու մասին որոշում կայացնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում