Նույնիսկ մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի. Զելենսկի

Նույնիսկ մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ նույնիսկ մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի։

Այս մասին նա հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում CNN-ին տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ Ղրիմի և Դոնբասի վիճահարույց տարածքներում կա 30-35 հազար ռուս զինվորական։ Զելենսկին մտավախություն ունի, որ ռուսական կողմի գործուղությունները կարող են հանգեցնել ռազմական գործողությունների:

«Այնպես որ, սադրանքներն իսկապես շատ վտանգավոր են, եթե այդքան զորք կա: Մեկ կրակոցը կամ հրետանային զարկը կարող է հանգեցնել պատերազմի»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման սպառնալիքի հետ կապված մտահոգությունները կիսում են Ուկրաինայի հարևան երկրները։

«Մենք գիտենք Խորհրդային Միության պատմությունը, և նրանք հասկանում են մեր առջև ծառացած ռիսկերը: Լեհաստանը, Բալթյան երկրները, Լիտվան և Էստոնիան, Լատվիան, Մոլդովան գիտեն, թե դա ինչի կարող է հանգեցնել: Ուստի մենք պետք է շատ զգույշ լինենք», - հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ ներկայիս լարվածությունը «ողբերգություն է մեր ազգի, մեր ժողովրդի համար: Դա ողբերգություն է նաև ռուսների համար, ովքեր լավ հարաբերություններ ունեին Ուկրաինայի հետ»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում