Հայաստանում գործող ՀԿ-ները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ քայլեր ձեռնարկել
Հայաստանում գործող մի խումբ հասարակական կազմակերպություններ համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր՝ կոչ անելով հրատապ միջամտություն ցուցաբերել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամի առնչությամբ։
«Լաչինի միջանցքը միակ փրկօղակն է, որը կապում է տեղի հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին: Շրջափակումը նպատակ ունի տարածաշրջանի էթնիկ հայերի համար ստեղծել անտանելի կենսապայմաններ և դուրս մղել նրանց իրենց տներից։
Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ավելի է վատթարացել, բնակիչներն այժմ կանգնած են սովի անմիջական սպառնալիքի առաջ:
Կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստանձնի պատասխանատվություն՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին էթնիկ զտումներից և ցեղասպանությունից, ինչն, իրականում, տեղի է ունենում սովի ենթարկելու միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է դիմում-կոչի մեջ:
Հասարակական կազմակերպությունները, մասնավորապես, պահանջում են՝
Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի։
Անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային խաղաղապահ մանդատ ներգրավելու համար՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո, այսինքն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մանդատի ավարտից հետո։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար:
Դատապարտել Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ էթնիկ ատելության քաղաքականությունը, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։
Կարծիքներ