Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել կոնտեյներներ, որոնք կարող են պարունակել շուրջ հինգ միլիոն հրետանային զինամթերք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Շին Վոն Սիկը Bloomberg գործակալության հետ հարցազրույցի ընթացքում։
Ըստ նախարարի՝ Սեուլն արձանագրել է, որ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան է մտել առնվազն 10 հազար բեռնված կոնտեյներ։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կփորձի համակարգել հետագա մատակարարումները Փհենյան կատարելիք իր այցի ընթացքում, որը նախատեսված է մոտ ապագայում։
«Ակնկալվում է, որ Պուտինը կձգտի Հյուսիսային Կորեայի հետ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցության, հատկապես ռազմական մատակարարումների ոլորտում, ինչպիսիք են հրետանային արկերը, որոնք անհրաժեշտ են (խմբ․՝ Ուկրաինայի դեմ պատերազմում) հաղթանակի հնարավորությունից օգտվելու համար», - գործակալությունը մեջբերում է Շինի խոսքը։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի տվյալներով` Փհենյանը նաև տասնյակ բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։
Ի պատասխան՝ Մոսկվան տեխնոլոգիաներ է փոխանցել Հյուսիսային Կորեային, որոնք պետք է նրան օգնեն բազմաթիվ հետախուզական արբանյակների արձակումն իրականացնելու գործում, ինչպես նաև սովորական զինատեսակներ, ինչպիսիք են տանկերն ու ինքնաթիռները, նշվում է հրապարակման մեջ։
Կարծիքներ