Հայաստանը հերքում է ականների տեղադրման վերաբերյալ Բաքվի մեղադրանքները
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հրապարակմանը, թե, Հայաստանը իբր շարունակում է «ականապատման տեռորը»։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը ընդգծել է, որ մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ փոխանցել են ականների բոլոր քարտեզները Ադրբեջանին։
«Սակայն դրան ի պատասխան Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների, որպես վստահության ամրապնդման միջոց՝ նույնիսկ ազատ չի արձակել իր բանտերում պահվող ռազմագերիներին և այլ անձանց:
Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:
Ավելի լավ կլինի, եթե Հիքմեթ Հաջիևը դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որևէ կերպ չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Էդմոն Մարուքյանը։
Կարծիքներ