ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ներխուժումն ու հրադադարի խախտումները հակասում են եռակողմ հայտարարությանը
Ռուսաստանը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով; «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի զինված ներխուժման և հրադադարի խախտման փաստերը, որոնք ֆիքսվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտի 26-ի հրապարակած տեղեկատվական տեղեկագրում, հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,- ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեէսկալացնելու ուղղությամբ։
Ռուսաստանը կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և ապահովել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն էր տրաածել, որի համաձայն՝ մարտի 24-ին և 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատախսանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ «Bayraktar-TB 2 տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներին Փառուխ գյուղի հատվածում»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Նշվում էր, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ «Ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշելու կոչ է արվել»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Կարծիքներ