ՀՀ ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանի հետ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, Վահե Հովհաննիսյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում ԵՄ հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ընթացիկ բարեփոխումներին, այդ թվում՝ պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման գործընթացին աջակցելու ուղղությամբ անձնական մեծ ներդրման համար։
Ըստ աղբյուրի՝ Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, դիտարկել տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և նախանշել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։
Կարծիքներ