ՊԵԿ-ը պարզաբանում է՝ տնտեսվարողների մոտ հսկողական միջոցառումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով
ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացրել է տնտեսվարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով հսկողական միջոցառումներ իրականացնելու մասին:
««Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` հարկային մարմնի լիազորություններից է ՀՀ հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը:
Օրերս լրատվամիջոցներից մեկն անդրադարձել է «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերություններում ՊԵԿ-ի ստուգումներին` դրանք կապելով այդ ընկերության աշխատակիցների՝ ընդդիմության կազմակերպած հավաքներին մասնակցելու հանգամանքի հետ։
Կոմիտեն հարկ է համարում ընդգծել, որ տարվա ցանկացած օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից հսկողական միջոցառումներ իրականացվում են հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտների մոտ, և բացառություն չեն կազմում 2020 թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ իրականացվող ստուգումները (այդ թվում` վերոնշյալ ընկերություններում): Մասնավորապես, ներկա դրությամբ ՊԵԿ-ի կողմից շուրջ 2300 հարկ վճարողների մոտ իրականացվում են տարբեր տեսակի ստուգումներ:
Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է չքաղաքականացնել կառույցի գործունեությունը, քանի որ ՊԵԿ-ը ապաքաղաքական կառույց է, որն անկախ քաղաքական գործընթացներից՝ պարտավոր է և կատարում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Դերժավա» և «Մոդուս Գրանում» ընկերությունները ընդգրկված են հարկային մարմնի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված համալիր ստուգումների տարեկան ծրագրում, որն օրենսդրությամբ սահմանված կարգով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է դեռևս 2020 թ. հունիս ամսին»,- տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը:
Կարծիքներ