Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ:

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել` արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար:

Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան դեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և մանրէներով կաթիլներ շնչելուց:

Բժշկական դիմակը մեկանգամյա կիրառման արտադրատեսակ է, որը պետք է առավելագույնը 4 ժամ մեկ փոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝ ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը:

Բուժաշխատողները, պացիենտները և նրանց խնամողները պետք է կրեն բժշկական դիմակ։

60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ևս անհրաժեշտ է կրել բժշկական դիմակ։

Բժշկական դիմակ պետք է կրել նաև հանրային տրանսպորտից օգտվելիս և սպասարկման ոլորտում, ինչպես նաև առևտրի կենտրոններում ծառայություններ մատուցելիս։

Բժշկական դիմակ ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև ինքնաշեն կտորե դիմակ: Այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների, մասնավորապես` ապահովի հեշտ շնչառություն, լինի եռաշերտ, ընդ որում` ներքին շերտը բամբակե, միջին շերտը պոլիպրոպիլեն, արտաքին շերտը՝ պոլիեսթեր կամ պոլիեսթերի խառնուրդ: Պետք է ընտրել այնպիսի գործվածք, որը հնարավոր է լվանալ բարձր ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեկ շերտով սինթետիկ դիմակներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում