Արցախի Հաղորտի գյուղում տրվել է «Մունք» տեխնոդպրոցի աշխատանքների մեկնարկը
Երեկ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում տոն էր ու պատմական օր, քանի որ մեկնարկ տրվեց «Մունք» տեխնոդպրոցի աշխատանքներին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ այս խորհրդանշական անուն կրող դպրոցը բավականին լավ մոդել է ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև համայնքային ու ազգային կրթության և զարգացման ծրագրերի համար, որտեղ տրվող գիտելիքներն ու հմտությունները նպատակ ունեն նպաստել անձի, համայնքի ու պետության կայուն զարգացմանն ու զորացմանը:
Ըստ պետնախարարի՝ դպրոցի կերտման ու կայացման հիմքում կրկին նախաձեռնող, ստեղծարար ու սրտացավ մարդիկ են, տվյալ դեպքում՝ «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն ու տեխնոդպրոցի հիմնադիր Աշոտ Ավանեսյանը և Հաղորտի համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր թիմային ոգով ու ազգային նպատակներով մեկնարկել են այս գործը և դեռ շատ մեծ հաջողություններ կարձանագրեն, իսկ նրանց շուրջ արդեն պայծառ պատանիների մի խումբ է հավաքվել:
«Ուրախ եմ, որ Արցախի կառավարությունը այս ծրագրի գլխավոր աջակիցներից է՝ reArmenia հարթակի, Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների և հարյուրավոր մեծ ու փոքր աջակից կազմակերպությունների ու անձանց հետ միասին»,-եզրափակել է Բեգլարյանը:
Կարծիքներ