Թուրքական մամուլում շարունակում են քննարկել Փելոսիի այցը Հայաստան

Թուրք սյունակագիր Ահմեթ Գյոքսենն իր թղթակցած լրատվական կայքում հրապարակել է «Կոչի պատասխանը» վերնագրով հոդված, որտեղ անդրադառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Գյոքսենը հետևյալ շեշտադրումն է արել.
«Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ում այցը Թայվան իրադարձային էր, այժմ էլ Հայաստանում է հրահրումներ առաջացնում։
Փելոսին մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մեջ: Հասկանալի է, որ նման դիրքորոշմամբ նա նպատակ ունի կողմերից մեկին զենք վաճառել»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր սեպտեմբերի 18-19-ին:
Ամերիկացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը խիստ հագեցած էր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, պաշտոնական մի շարք հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում ունեցել Ազգային ժողովում, ունեցել լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներ, հանդիպել նաև՝ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Պատվիրակության կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Նենսի Փելոսին մինչ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:
Կարծիքներ