Պատասխանատվության միջոցները կարող են խիստ լինել. տեղեկատվական շտաբի նախազգուշացումը ԶԼՄ-ներին և օգտատերերին
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հունիսի 28-ի հերթական սադրիչ ու ագրեսիվ գործողության և զոհված 4 զինծառայողների վերաբերյալ սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ՝ խախտելով ս.թ. մայիսի 26-ին ԱՀ Նախագահի ստորագրած ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները:
Այս մասին նախազգուշացում է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Այդ դրույթների համաձայն, մասնավորապես, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:
Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ հրամանագրի դրույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու և նման խախտումները կանխելու ուղղությամբ:
«Ուստի, պահանջում ենք այսօր տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ (այդ թվում՝ վիրավորների ու լրացուցիչ զոհերի առկայության մասին) և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները և կատարել հերքող հրապարակումներ, այլապես կիրառվող պատասխանատվության միջոցները կարող են ավելի խիստ լինել»,-ասված է Արցախի տեղեկատվական շտաբի նախազգուշացման մեջ:
Կարծիքներ