Թուրքիայի կողմից հնչող որոշ հայտարարություններ անհանգստացնող են. Սարգիս Խանդանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ Թուրքիայի կողմից հնչող որոշ հայտարարություններ անհանգստացնող են և նպաստավոր չեն։
Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով նրան, որ երեկ Ադրբեջանում Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ Շուշիում հյուպատոսություն է բացելու, և դա ազդակ պետք է լինի ՀՀ-ի համար։
«Կարծում եմ՝ նման հայտարարությունները և եթե դրանց հետևեն գործողություններ, նպաստավոր և արդյունավետ չեն։ Արդյունավետ չեն նաև խաղաղության և կայունության համար»,- ընդգծեց նա։
Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում առկա հռետորաբանությունը շարունակվում է մինչև այսօր։
Հիշեցնենք՝ երեկ պետական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած լայն կազմով հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Մենք պատրաստ ենք մեր գլխավոր հյուպատոսությունը բացել Շուշիում երբ ցանկանաք։ Հուսով եմ, որ եթե մեր գլխավոր հյուպատոսությունը բացվի Շուշիում, դա ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին»:
Կարծիքներ