Սոցիալական փաթեթի շահառուները կկարողանան օգտվել ստոմատոլոգիական ծառայություններից

Սոցիալական փաթեթի շահառուները կկարողանան օգտվել ստոմատոլոգիական ծառայություններից

ՀՀ կառավարությյան հոկտեմբերի 28-ի նիստում հավանություն է տրվել սոցփաթեթի հատկացման կարգում իրականացնել լայնածավալ փոփոխություններ: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ըստ այդ փոփոխությունների՝ սոցփաթեթի ծախսման ուղղությունները լրացվել են նոր ծառայություններով, որոնք ներկայացվում են ստորև.

Մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից):

Առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական)։ Ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն (ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից):

Պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարում (ծառայությունից կկարողանա օգտվել շահառուն և (կամ) նրա ընտանիքի անմիջական անդամը):

Նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների, նախակրթարանների) վճարների մարում:

Գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում։

Հանվել է սոցփաթեթի ծառայություններից օգտվելու համար նույնականացման քարտը ներկայացնելու պարտադիր պահանջը։

Շահառուների համար նաև սահմանվել է երաշխիք, որպեսզի սոցփաթեթի մեկ շահառու կազմակերպությունից մյուսն աշխատանքի անցնելիս, պահպանվի սոցփաթեթից օգտվելու իրենց իրավունքը։

Վերանայվել է սոցփաթեթի շահառուների ընտանիքի անմիջական անդամների շրջանակը, համաձայն որի՝ ընտանիքի անմիջական անդամ է համարվում նաև շահառուի ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, տատը, պապը, թոռը, եղբայրը, քույրը։

Առավել հստակեցվել է սոցփաթեթի հատկացման կարգը՝ լուծելով իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում