Նարեկը չէր կարող նման քայլ անել, պնդում են նրան ճանաչողները
«Նարեկ Սարդարյանը մեծացել է իմ աչքի առաջ, հրաշալի ընտանիք ունի, երկու սիրուն տղա, իր քրտինքով աշխատող, իր հոգսերով ապրող ու արարող մարդ է։ Էսօր նրա հոր աչքերի մեջ նայողը ես եմ, որը ինձ համար շատ ծանր է։ Չէր կարող Նարեկը նման բան անել, մեր թշնամու ձեռքին է նա, ի՞նչ իմանաս, ինչպե՞ս են ստիպել,ի՞նչ են արել Նարեկին, որ նման բան ասի»,- հեռախոսազրույցի ընթացքում նշեց Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավար Մալունց Երվանդը։
Հուլիսի 9-ին, 30-ամյա Նարեկ Սարդարյանը գնացել է Գորհայք գյուղի հարակից արոտավայր և չի վերադարձել։ Այսօր ադրբեջանական մամուլը տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին և տեսանյութ հրապարակել, որտեղ լսվում է, որ Նարեկ Սարդարյանը գիտակցաբար է հատել սահմանը և այն վաղուց է ծրագրավորված եղել։ Սակայն նրան ճանաչողները միանշանակ պնդում են․Նարեկը չէր կարող ուրանալ հայրենիքն ու ընտանիքը, ոչ մի պատճառ չուներ նման քայլ անելու։ «Զարմանում եմ, որ չեք նկատում, որ սադրանք է, խնդրում եմ բոլորիդ, պատկան մարմիններին, միջազգային կառույցներին, Կարմիր խաչին ամեն քայլ ձեռնարկել Նարեկին հարազատ գյուղ և ընտանիք վերադարձնելու համար» –հեռախոսազրույցն ավարտեց վարչական ղեկավարը։
Կարծիքներ