Հայ-ադրբեջանական հակամարտության երկարաժամկետ լուծումը սահմանագծումն ու սահմանազատումն է․ ՌԴ ԱԳՆ
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ (կետ 9) արձանագրվել է կարևոր դրույթ՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում։ Այդ խնդիրը հստակեցվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ, որի համաձայն՝ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ անփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը։
«Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի համատեղ աշխատանքի առանցքային տարրերից է: Մենք կողմերին ուղղորդում ենք աշխատել Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մասնագիտական ճանապարհով, առանց քաղաքականացման և առճակատման հռետորաբանության։ Հենց այս մոտեցումն էլ թույլ կտա դուրս գալ իրական պայմանավորվածությունների, որոնք լայն դաշտ են բացում տարիների համատեղ գործունեության համար։
Անցել է խմբի 8 նիստ (վերջինը տեղի է ունեցել ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում): Ս. թ. մարտին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին զեկույց է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ՝ հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցությունների ելքով։ Նման աշխատանքը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը, կներգրավի լրացուցիչ ներդրումներ, բեռներ, ինչը նշանակում է, որ Անդրկովկասյան պետություններին կապահովի ֆինանսական միջոցների ներհոսք։ Ռուսաստանի և Հայաստանի համար այս կապակցությամբ «Հյուսիս-Հարավ» միջազգային զարկերակի իրականացման լրացուցիչ հեռանկարներ են ի հայտ գալիս։
Ոչ պակաս կարևոր է հատկապես ԶԼՄ-ներում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծավալվող իրավիճակի լույսի ներքո, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են։
Ս. թ. մայիսին հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության կապակցությամբ Ռուսաստանը եռանդուն ջանքեր է գործադրել իրավիճակի ապաէսկալացման և կարգավորման ուղղությամբ: Ռուս սահմանապահները ներկա են սահմանի առավել խնդրահարույց հատվածներում։
24-ժամյա ռեժիմով կազմակերպվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը՝ արդիական տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ:
Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկումն է ՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, կողմերի խնդրանքով տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութ, կիսվել այլ երկրների հետ հարուստ սահմանազատման փորձով»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ