Ստեփանակերտում սպանված ոստիկանը հետմահու «Արիության մեդալի» է արժանացել
Ստեփանակերտում սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Արիության մեդալով» է պարգևատրվել։
Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ենգիբարյանը սպանվել էր ապրիլի 16-ին՝ ճանապարհային ոստիկանության հենակետ ներխուժած քաղաքացու կողմից արձակված կրակոցներից։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի հիշատակին։
Ժիրայր Ենգիբարյանը 38 տարեկան էր, երկու երեխաների հայր։ Նա ոստիկանական համակարգում էր 2009 թվականից։ Նշվում է, որ ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:
Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:
Կարծիքներ