Մակրոնը կդիմի ժողովրդին. Ֆրանսիայում համավարակի երրորդ ալիքն է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 31-ի երեկոյան հեռուստատեսային ուղերձով կդիմի ժողովրդին, քանի որ կորոնավիրուսի վարակի երրորդ ալիքը, որն արագորեն տարածվում է ամբողջ երկրում, սպառնում է ծանրաբեռնել տեղի հիվանդանոցները: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Ելիսեյան պալատին:
Միևնույն ժամանակ, Հինգերորդ հանրապետության ղեկավարի վարչակազմը չի հստակեցրել`արդյոք Էմանուել Մակրոնը կհայտարարի համավարակի դեմ պայքարի հետագա սահմանափակումների մասին` Ֆրանսիայում Covid-19- ից մահացությունների ընդհանուր թվի 100,000 հոգեբանական շեմին մոտեցման ֆոնին:
Անցյալ երեքշաբթի օրը վերակենդանացման բաժանմունքներում Covid-19-ով ախտորոշված հիվանդների թիվն աճել է 98-ով՝ գերազանցելով 5000-ի շեմը, ինչը այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Հանրային առողջապահության մասնագետները նշում են, որ ֆրանսիական հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածությունը վկայում է այն մասին, որ ներկայիս սահմանափակումները բավարար չեն:
Արևմտյան Եվրոպայի ամենամեծ երկրում դեկտեմբերի կեսից գործում է գիշերային պարետային ժամ, իսկ որոշ շրջաններում, ներառյալ Փարիզը, քաղաքացիների տեղաշարժը զգալիորեն սահմանափակված է: Բարերը, ռեստորաններն ու կինոթատրոնները մի քանի ամիս է, ինչ փակ են: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ավելի վաղ BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ դպրոցները նույնպես հարկավոր է փակել:
Կարծիքներ