Թրամփի՝ բուդդայական կեցվածքով արձանիկի հեղինակը նախկին նախագահին խորհուրդ է տվել «զգացմունքները կառավարելու համար մեդիտացիայով զբաղվել» (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ բուդդայական կեցվածքով արձանիկ ստեղծելու գաղափարը չինացի կին կահույքագործ Հոն Ցզինշինի մոտ ծագել է դեռևս անցյալ տարի, գրում է Reuters-ը։
Այսօր նրա հոբբին վերածվել է երկրորդ աշխատանքի․ Ֆուցզյան նահանգի Դեհուա քաղաքի արհեստանոցում Ցզինշինն արդեն 250 արձան է պատրաստել։ Չինացի կահույքագործի խոսքով՝ այն ստեղծելու համար ոգեշնչվել է երկու ծայրահեղությունների՝ բուդդիզմի և պոռթկուն խառնվածքով Թրամփի համեմատությունից։
«Մեր ավանդույթի համաձայն՝ մարդը հասուն տարիքում պետք է սկսի վայելել իր օրերը և ավելի հանգիստ կյանք վարել, բայց նա դեռ անհանգստանում և վրդովվում է տարբեր հարցերի շուրջ»,- հայտնել է չինուհին՝ Թրամփին կոչ անելով «զգացմունքները կառավարելու համար մեդիտացիայով զբաղվել»։
Նշվում է, որ Ցզինշինը Չինաստանից և արտերկրից 200 արձանի պատվերներ է ստացել, որոնց պատրաստման համար պահանջվել է 10 օր: Արձանի 16-սանտիմետրանոց տարբերակն արժե 999 յուան (152,22 դոլար), իսկ 46-սանտիմետրանոցը՝ 20 000 յուան (3053 դոլար)։
Կարծիքներ