Ինչո՞ւ վերջին պահին ԲՀԿ-ն մտափոխվեց
Բարգավաճ Հայաստան խմբակցությունը չի մասնակցի ԱԺ այսօրվա՝ հունիսի 22-ի արտահերթ նիստին: freenews.am-ի հետ զրույցում իրենց խմբակցության դիրքորոշումը այսպես մեկնաբանեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, նշելով, որ գոյություն ունի մի քանի դրվագ և փաստաթուղթ սկսած Վենետիկի հանձնաժողովից վերջացրած մնացած բոլոր գործընթացներով, և խմբակցության նիստում մենք ուսումնասիրելով դրանք՝ որոշում ընդունեցինք չմասնակցել այդ ապօրինի գործընթացին, գործընթացն ապօրինի է:
Ճշտող հարցին, թե ձեր խմբակցության պատգամավորներից Իվետա Տոնոյանն առավոտյան հայտարարել էր, որ մասնակցելու եք այսօրվա արտահերթ նիստին, հետաքրքիր է ի՞նչ փոխվեց այս ժամանակահատվածում, Արման Աբովյանը պատասխանեց.
«Ըստ էության, իրադարձությունները շատ դինամիկ են զարգանում և մենք որոշումներն ընդունում ենք, ըստ այն տեղեկությունների, որոնք անընդհատ հասնում են մեզ, իհարկե մենք մինչև վերջին պահը ուսումնասիրում էինք և, ըստ էության, հասկացանք, որ մեր մասնակցությունը ոչ մի էֆեկտ չի տա, ոչ մի ձևով , որովհետև ինչ անում են այսօր իշխանությունները սա իրենց որոշումն է, մենք պարզապես չենք ուզում ոչ մի կերպ մասնակից դառնանք ապօրինի այս գործընթացին»,- եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք, ավելի վաղ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի այսօրվա արտահերթ նիստին՝ քննարկվող հարցի վերաբերյալ իր տեսակետները հայտնելու համար: Իսկ ավելի ուշ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի նիստին:
Կարծիքներ