Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների մեկնարկը կտրվի Երերույքի տաճարում
Հայաստանում և Արցախում Եվրոպական ժառանգության օրերն այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ը՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Միջոցառումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում. «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչի հոգևոր-դասական երաժշտություն։
Եվրոպական ժառանգության օրերին հայաստանյան և արցախյան ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ հոգևոր համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, պեղումներ և այլն:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո: «Եվրոպական ժառանգու¬թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև Եվրամիությունը, և նախաձեռնությունը սկսել է իրականացվել «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով: Տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում ողջ Եվրոպայում՝ բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության, շարունակական պահպանության կարևորությունը:
Կարծիքներ