Էլինա Դանիելյան. Որքան մոտենում էի տիտղոսին, ավելի նյարդային ու լարված էի դառնում

Էլինա Դանիելյան. Որքան մոտենում էի տիտղոսին, ավելի նյարդային ու լարված էի դառնում

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճած Էլինա Դանիելյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է իր հաղթանակը:

«Այս տարի Եվրոպայի անհատական առաջնությունը շատ հաջող ստացվեց ինձ համար: Նույնիսկ դժվարանում եմ ասել, թե ինչի համար այդպես ստացվեց այս տարի: Մոտ 1.5 տարի մենք ոչ մի մրցում չէինք ունեցել, և ես մի քիչ կարոտած էի դրան: Առաջին կեսից սկսած ես լավ էի խաղում ու միշտ առաջատարների խմբում էի: Բնականաբար, այդպիսի մրցումներում երկրորդ կեսն ավելի բարդ է ստացվում, քանի որ խաղում ես ավելի ուժեղ մրցակիցների հետ: Երկրորդ կեսում ավելի նյարդային էի և բոլոր պարտիաները, հատկապես՝ վերջին երկուսը, շատ բարդ էին ինձ համար ոչ թե շախմատային առումով, այլ՝ հոգեբանական: Որքան մոտենում էի տիտղոսին, իսկ ես զգում էի դա, ավելի նյարդային էի դառնում ու ավելի լարված էի խաղում: Երևի, ամենաբարդը վերջին պարտիան էր:

Ի սկզբանե, շատ լուրջ էի տրամադրված այս մրցմանը, որովհետև նախորդ տարիներին Եվրոպայի առաջնություններում առաջին կեսը լավ էի խաղում, իսկ երկրորդում ինձ մոտ չէր ստացվում: Այս տարի որոշեցի, որ երկրորդ կեսը ևս պետք է լավը լինի: Երևի, տրամադրությունից էր, շախմատի հանդեպ կարոտից, դա ևս մեծ կապ ուներ ինձ համար, քանի որ շատ էի կարոտել տախտակի վրա ֆիգուրներով քայլ անելը և մտածելը: Հուսով եմ, որ իմ այս հաղթանակը կնպաստի Հայաստանում կանանց շախմատի զարգացմանը, բոլոր աղջիկները կսկսեն շախմատ խաղալ ու մենք կունենանք շատ ուժեղ դպրոց, ինչիսին կա մեր հարևան երկիր Վրաստանում:

Կարող եմ ասել, որ մեր թիմի աղջիկներն ավելի շատ էին ուրախացել, քան ես: Հուսով եմ, որ այս հաղթանակն ավելի կմոտիվացնի նրանց»,- ասել է Էլինա Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Ռումինիայում անցկացված Եվրոպայի անհատական առաջնությունում Էլինա Դանիելյանը 11 հնարավորից վաստակել էր 9 միավոր` 7 հաղթանակ, 4 ոչ ոքի։ Նա միանձնյա գրավեց առաջին տեղը։

43-ամյա Էլինա Դանիելյանը 2001 թվականին դարձել է արագ շախմատի Եվրոպայի անհատական չեմպիոն, 2003 թվականին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային չեմպիոն, 2011-ի Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում