«ՀՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում. երբ գնում ես խանութ, սառնարան ես առնում, մի հատ ֆեն են նվեր տալիս». Ալեն Սիմոնյան
«Այն, ինչ կատարվեց ԱԺ դահլիճում, ինձ ստիպում է արձագանքել, որ մեր ընդդիմությունը, որը վերադարձավ իր օրակարգով, օրակարգ չունի»:
Այս մասին ԱԺ-ում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության այսօրվա ակցիային:
Սիմոնյանը նկատեց՝ գործելաոճ է ընտրվել տարբեր մարտավարություններով խանգարել և ներկայություն ապահովել, սադրանքներ կազմակերպել, ամբիոնից ստեր խոսել, նույն սկավառակը անընդհատ պտտեցնել:
«Երբ տիկին Արեգնազ Մանուկյանը մոտեցավ ամբիոնին, ինձ թվաց՝ պատրաստվում է հերքել իր կողմից նախկինում արված հայտարարությունները, իմ և իմ գործընկերների մասին այն սուտը, թե իբր մենք միլիոնատերներ ենք, որովհետև այսօր դատարանը վճիռ է կայացրել, որով պարտավորեցրել է Արեգնազ Մանուկյանին հերքել այդ սուտը»,- նշեց Սիմոնյանը:
Վերջինս նկատեց, որ հետո էլ ավելի հետաքրքիր բաներ տեղի ունեցան. «Երբ ՀՀԿ-ի ցուցակով անցած մարդիկ խոսում են «Ֆրիդըմ հաուս»-ից և ժողովրդավարությունից: 2020 թվականին «Ֆրիդըմ հաուս»-ը եզակի զեկույց է հրապարակել, որտեղ բառացիորեն Սերժ Սարգսյանին գրեթե բռնապետ է անվանել»:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ խոսում են իրենց կազմակերպած սադրանքներից, բայց մոռանում են այն դեպքերը, երբ դաշնակցականի գլուխը, զուգարանակոնքին հարվածելով, սպանում էին՝ երկրի ղեկավարին «պրիվետ» ասելու համար:
«Էլ չեմ ասում, որ կոնկրետ ՀՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում, երբ գնում ես խանութ, սառնարան ես առնում, մի հատ ֆեն են նվեր տալիս: Ընտրության հետևանքով ըտենց հայտնվել են ստեղ, ու ինձ ասում են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, ընդամենը ծիծաղելի է»,- ասաց Սիմոնյանը:
Ժամեր առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր քաղաքական ակցիա սկսելու մասին։ Իր ելթույթի ժամանակի ավարտից հետո Թովմասյանը հայտարարել էր, որ չի լքելու ամբիոնը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որոնք նրան և մի քանի այլ ընդդիմադիր պատգամավորի դուրս էին հանել դահլիճից:
Կարծիքներ