«Նախագահի կողմից կրակի վրա յուղ լցնելու վարքագիծը դատապարտելի է. այն ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»
Իրավապաշտպանների համար ոչ մի կերպ հասկանալի չէ կիրակի օրը՝ մարտի 7-ին, նախագահական նստավայրում նախագահի ու ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, մեղադրյալ Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը։
Հիշեցնենք, որ երեկ նախագահականի կայքից տեղեկացանք, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Ընդ որում, հանդիպումը տեղի է ունեցել հանրապետության նախագահի հրավերով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:
Հիշեցնենք նաև, որ Վահրամ Բաղդասարյանը անցնում է ԱԱԾ-ի կողմից հարուցված իշխանության յուրացման և վարչապետի սպանությունը նախապատրաստելու քրեական գործով։ Այս գործով մեղադրանք է առաջադրված ինչպես Վահրամ Բաղդասարյանին, այնպես էլ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանին։ Դատարանը, սակայն, նոյեմբերի 16-ին հրաժարվեց կալանավորել Վահրամ Բաղդասարյանին ու Արթուր Վանեցյանին։ ԱԱԾ-ն բացահայտել էր, թե ինչպես են Վահրամ Բաղդասարյանը և գործով անցնող մյուս անձինք պլանավորում վարչապետի սպանությունը։ ԱԱԾ-ն նաև հեռախոսային խոսակցության ձայնագրություն էր հրապարակել, որտեղ ըստ իրավապահների` խոսում են այս գործով մեղադրյալ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։
Ներկայացնում ենք հատվածներ ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունից.
Վահրամ Բաղդասարյան.- Դե էտ արդեն էգուց՝ ժամը 2-ին, կկոնկրետացնենք, 4-ին միտինգ ենք անում նորից, մեծ, ինչքան հնարավոր է, տեսնենք՝ ինչ կարանք անենք: Արդեն պիտի քայլեր անենք էլի, մի հատ մի քանի տարբերակներ կան, լա տեսնենք, վաղը 2-ին քննարկենք:
Աշոտ Մինասյան.- Բանը, չե՞ք զգում, որ քայլելով, միտինգ անելով բան դուրս չի գա:
Վահրամ Բաղդասարյան.- Կոնկրետ որոշում կա, ասենք, թե որն ա քայլն էլի:
Աշոտ Մինասյան.- Հա, իրանք ուզում են պահեն, որ էդ ամեն ինչը… Մարդ չունե՞ք, որ մտնի իրա նույն զորքի մեջ, նույն իրա ախրանայի, անվտանգության, ասի՝ սենց ա վիճակը, այ լակոտներ, եկեք…
Վահրամ Բաղդասարյան.- Աշխատում են:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ցանկացած քաղաքական խնդիր կամ ճգնաժամ կարող է լուծվել կամ հաջողություն ունենալ լուծվելու տեսակետից, եթե դա հիմնված լինի օրինականության և Սահմանադրության ու ժողովրդավարության սկզբունքների վրա։ «Վերջին ժամանակներում պարբերաբար փորձ է արվում հրամցնել հասարակությանը, թե կարևոր չեն Սահմանադրությունը, օրինականությունը, օրենքները, ժողովրդավարությունը, այլ կարևոր է կայունությունը, բայց նույնիսկ մաֆիոզ խմբերը որոշակի սկզբունքներ, չգրված օրենքներ ունեն, որոնց հիման վրա հասնում են համաձայնության։ Բայց պետությունը տարբերվում է նրանից, որ համաձայնությունը պետք է ձեռք բերվի ոչ թե կամայական, մտացածին սկզբունքների հիման վրա, այլ օրենքի ու օրինականության հիման վրա։ Այնպես որ, ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում խորհրդակցել հեղաշրջման փորձի, բռնության կոչեր անող, սպանություն նախապատրաստող անձանց հետ։ Այս առումով հանրապետության նախագահը հանդես է գալիս ոչ թե Սահմանադրության պահպանման դիրքերից, Սահմանադրությամբ խնդիրները լուծելու դիրքերից, այլ միջնորդի դեր է ստանձնում սահմանադրական սկզբունքերը ոտնահարելու կողմնակիցների միջև, որը չի կարող հանգեցնել քաղաքական այն ճգնաժամի լուծմանը, որում մենք հիմա գտնվում ենք»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Սաքունցի խոսքով՝ հստակ է, որ զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն, դա ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք չի ինչ-որ մանիպուլյացիաներ անել, փորձել օրենքը շրջանցել, այլ մեկնաբանություններ տալ։ Դա ոչ մի լավ հետևանքի չի բերի։ «Չկա որևէ օրինակ, որ զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին որևէ դրական արդյունքի բերի։ Իսկ եթե նման հայտարարություններ անողներ եղել են, ապա դրա հետևանքները միայն ու միայն բացասական ազդեցություն են ունեցել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Նախագահի կողմից կրակի վրա յուղ լցնելու այս վարքագիծը դատապարտելի է ու ոչ մի կերպ ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»։
Իրավաբան Արտաշես Խալաթյանը, սակայն, արտառոց ոչինչ չի տեսնում նախագահի ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպման մեջ՝ այնքանով, որքանով որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Քանի դեռ չկա ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը համարվում է անմեղ: «Այս առումով ես խնդիր չեմ տեսնում նախագահի ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպման մեջ։ Վերջինս ներկայացնում է ընդդիմադիր ուժ և հանդես է գալիս ռադիկալ, վտանգավոր կոչերով, որոնք հղի են լուրջ վտանգով նույն սահմանադրական կարգի համար։ Նրանք հանդիսանում են նաև Գլխավոր շտաբի քաղաքական հայտարարության շահառուներից մեկը, և նախագահը փորձ է անում շարունակել կոնսուլտացիաները ներհասարակական համերաշխության հասնելու համար։ Այնպես որ, ես այստեղ մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, իսկ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի պատասխանատուն քննչական մարմինն է և դատարանը, որը մերժեց կալանավորման միջնորդությունը։ Հարցը լրիվ դատաիրավական համակարգի տիրույթում է, և նախագահը այս առումով պատասխանատվության ու էթիկական նորմեր խախտելու խնդիր չունի։ Նախագահը իր գործառույթը շարունակում է՝ անկախ ամեն ինչից»,- եզրափակեց Խալաթյանը։
Նյութը՝ Առաջին լրատվական
Կարծիքներ