Որպես նախարար՝ մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը. Վահրամ Դումանյան

Որպես նախարար՝ մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը. Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջին կարգի դիպլոմներ է հանձնել դպրոցականների 2022 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողներին: Պարգևատրման արարողությանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջույնի խոսքում նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով դպրոցական օլիմպիադաների կարևորությունը, նշել է, որ օլիմպիական լինելը մտածելակերպ և ապրելակերպ է. «Օլիմպիադաներով ապրելը հետաքրքիր է, դա դրական իմաստով վարակ է` օլիմպիական հիվանդություն, որով վարակվածները ողջ կյանքում մնում են այդ հիվանդության կրողը: Որպես նախարար մեծ նշանակություն եմ տալիս օլիմպիական շարժմանը: Այստեղ մտքի սրություն ու սպորտային կամք են անհրաժեշտ, որոնք, ի վերջո, հանգեցնում են հաղթանակի, ինչն էլ անասելի բերկրանք և դրական զգացում են օլիմպիականի համար: Ես ցանկանում եմ, որ հետագայում` ուսանողական տարիներին, ձեր  օլիմպիական հաղթանակները լինեն շարունակական»:

 

Նախարարի խոսքով` դպրոցականների արձանագրած օլիմպիական բարձր արդյունքներն ուսուցիչների աշխատանքի արդյունքն են. «Պետք է անվերջ սիրենք և հարգենք մեր ուսուցիչներին, որովհետև ուսուցչի կարգավիճակն ամենաբարձրն ու ամենավեհն է, որին կարելի է ձգտել որպես հանրային նշաձող: Ուսուցիչն այն անձն է, որը մեզ մղում է կրթության, իսկ ապագան կրթությանն է, հետևաբար ուսուցիչն ապագայի ամենակարևոր մարդն է, իհարկե՝ ծնողի հետ»:  

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, դիմելով և շնորհավորելով օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներին, փաստել է, որ դպրոցական կյանքի և ուսումնառության գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը գնահատված լինելն է. «Այսօր այն օրերից է, երբ դուք կարող եք ձեզ գնահատված զգալ` վստահ լինելով, որ սա միայն սկիզբն է»:

 

 

Նրա տեղեկացմամբ` այս տարվա հուլիսին Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան, որին ակնկալվում է ավելի քան 70 երկրների դպրոցական օլիմպիականների մասնակցություն: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ օլիմպիադայի դպրոցական փուլի հաղթողներն ակտիվորեն կմասնակցեն միջազգային մրցույթին` ընդգծելով իրենց վերաբերմունքն օլիմպիական շարժմանը:

 

Փոխնախարարը կարևորել է նաև օլիմպիադայի հաղթողների ակտիվ մասնակցությունը համադպրոցական գիտության փառատոնին, որն այս տարի անցկացվել է երկրորդ անգամ:

 

 

«Վստահ եմ, որ օլիմպիական շարժմամբ հետաքրքրվողները պետք է հետաքրքրվեն նաև գիտությամբ: Կուզենայի օլիմպիականների և նրանց ուսուցիչների նախագծերը տեսնել գիտության հաջորդ տարվա փառատոնում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` հավելելով, որ Հայաստանի դպրոցականների կողմից ներկայացված երեք նախագծեր մասնակցելու են մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

 

Հավելենք, որ դպրոցականների հանրապետական օլիմպիադան կազմակերպվել է 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն»: Եզրափակիչ` հանրապետական փուլում, առաջին կարգի դիպլոմի են արժանացել Հայաստանի և Արցախի դպրոցների  78 աշակերտներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում