Փյունիկի կանանց թիմը վերադառնում է Բարձրագույն խումբ
«Փյունիկի» կանանց թիմը հանդես կգա Հայաստանի Բարձրագույն խմբի 2023/24 մրցաշրջանում։ Թիմի աղջիկները գլխավոր առաջնության ուղեգիրը նվաճել էին Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանում չեմպիոն հռչակվելուց հետո։ Գրում է Armsport.am-ը։
«Մեր` նախորդ մրցաշրջանի նպատակը չի փոխվել: Ինչպես Առաջին խմբում, այնպես էլ այստեղ կանենք ամեն ինչ, որպեսզի առաջնությունն ավարտենք առաջին տեղով,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բարեղամյանը,-«կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել է. թիմին միացել են փորձառու խաղացողներ»:
Նշվում է, որ փոփոխություններ են տեղի ունեցել նաև մարզչական շտաբում․ Գոհար Ռաֆայելյանն ու Արաքսյա Սարիբեկյանը գլխավոր մարզչի օգնականերն են, դարպասապահների մարզիչը շարունակում է մնալ Անի Ներսինյանը, թիմի բժիշկը Ցոլակ Մնացականյանն է, Սերգեյ Յայլախանյանը՝ կինեզիոլոգը:
Բարձրագույն խմբի այս մրցաշրջանին մասնակցում է 5 թիմ։ Առաջնությունը բաղկացած է 30 տուրից։ Մեր թիմն արդեն իսկ անցկացրել է առաջին հանդիպումը և արտագնա խաղում 0:4 հաշվով հաղթել «Արարատ-Արմենիային»:
Օգոստոսի 29-ին «Փյունիկը» սեփական հարկի տակ կընդունի «Ուրարտուին»: Հանդիպումը կկայանա «Փյունիկի» մարզաբազայի գլխավոր խաղադաշտում 16:30-ին։
Կարծիքներ