Պաշտոնից ազատում և կարգապահական տույժեր՝ Գլխավոր դատախազի հրամաններով
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ինչի հետևանքով երկու ուղևոր ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց: Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 9-ի որոշմամբ՝ հաստատված է համարվել Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից կարգապահական խախտման առկայությունը, մեղավորությունը և դրական եզրակացություն է տրվել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությանը: Նախքան Գլխավոր դատախազի կողմից կարգապահական տույժ նշանակելը՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։
Գլխավոր դատախազի 2023 թվականի հունիսի 12-ի հրամանով Կոտայքի մարզի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:
Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, առանց համապատասխան թույլտվության և հարգելի պատճառի, չորս օր աշխատանքի է ներկայացել ուշ՝ ժամը 14:00-ի, 14:15-ի, 14:20-ի և 15:30-ի սահմանում:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Գլխավոր դատախազությունում իրականացված կարգապահական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքային ժամին ծառայողական աշխատասենյակում, աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն չկապված տեսանյութ է նկարահանել և հրապարակել սոցիալական կայքում, որը տարածվել է համացանցում:
Կարծիքներ