Որևէ փոփոխություն դեռ չունենք. Մարուքյանը՝ հումանիտար բեռները ԼՂ հասցնելու մասին. Լուրեր
Այս պահին նորությունների իմաստով դեռ որևէ փոփոխություն չունենք: Այդ մասին ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հումանիտար բեռները ԼՂ բնակչությանը հասցնելու ադրբեջանական կողմի արգելքին: Այս մասին հայտնում է Լուրերը:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով սրվում է. 30 հազար երեխա շարունակում են թերսնվել: Շուրջ 120 հազար մարդ ունի տարրական առաջնային սննդի և առաջնային պարագաների, բազմաթիվ հիվանդներ՝ դեղորայքի կարիք, որի մասին առողջապահության, ԱՍՀ նախարարության մեր մասնագետները մանրամասն իրազեկում են: Ամբողջ աշխարհի բոլոր տեսակի միջազգային մարդասիրական, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կառույցներն իրազեկված են: Դուք նաև երեկ տեսաք Եվրոպական Միության արտաքին հարցերով զբաղվող բարձր հանձնակատարի հայտարարությունը: Մենք մի նպատակ ունենք՝ հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ այն հասնի ԼՂ. որևէ այլ նպատակ չկա, և ի սկզաբե իրազեկել ենք բոլորին, որ անգամ խոսքը այս բեռնատարների դեպի ԼՂ գնալու մասին չէ, այսինքն՝ որ որևէ ձևի չկարողանան ասել, որ սա սադրանք է: Չնայած՝ էլի ասում են, բայց այդ իմաստով մենք որևէ տեղ չենք թողել որ որևէ փաստ, որևէ մոտեցում կարողանան օգտագործել թե՛ այս նախաձեռնության դեմ, թե՛ որևէ այլ կերպ: Ըստ էության, այն հայտարարությունները, որ արվում են, ներվային ջղաձգումներ են, որովհետև գնալով ապացուցվում է բոլոր հարթակներում, բոլոր մակարդակներում, որ Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնում 21-րդ դարում: Սա միջազգային մարդասիարկան իրավունքի ոտնահարում է, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է. այս իմաստով մենք որևէ քայլ չկա, որ ասեմ, որ չենք արել, որ չապացուցենք, և այս ամեն ինչը շատ ակնհայտ է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ երեկ ԱԳՆ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները, դիվանագետները, միջազգային կառույցների ներկայացուցիչները ուսումնասիրել են բեռները, տեսել են, իրազեկված են, իրենք իրենց մայրաքաղաքներ են ներկայացրել այդ ամենը:
«Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում՝ նույնը: Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են մեր ստանձնած պարտավորություններին, նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է գործի, և դա միակ կապն է ՀՀ հետ, և դա ոչ միայն սնունդն ապահովելու, առաջնային ապրանքներ տեղ հասցնելու կապն է, այլև ՀՀ հետ հատուկ կապի իմաստով է այն արձանագրված, որի տակ ստորագրել են Ադրբեջանի նախագահը, ՌԴ նախագահը և ՀՀ վարչապետը: Այս իմաստով ես ուզում եմ ուղղակի ասել, որ բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում: Պետք է շարունակենք մեր գործողությունները, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Կարծիքներ