Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճն անհանգստացնող է. վարչապետ
Վերջին օրերին մենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է՝ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշեց վարչապետը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց՝ այո՛, վերջին օրերին գրանցվել է հիվանդացության աճ: Երեկ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է:
«Եթե հունվար-փետրվարին մենք ունեինք հետազոտվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք՝ մենք արդեն 16 տոկոս ունենք, իսկ հաջորդ շաբաթ, մեր կանխատեսումներով, այս թիվը կավելանա: Ի՞նչ անենք: Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե ուզում ենք պահպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք մեր կողմից»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ մարտի 8-ի հետ կապված շարժը առևտրի կենտրոններում, հյուրանոցներում ավելանալու է, և հորդորեց հստակ հսկողություն իրականացնել հյուրատներում, առևտրի կենտրոններում, տրանսպորտում, որ կանխարգելիչ միջոցառումները պահպանվեն:
Այսօր արդեն իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցի ծավալման աշխատանքները՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ ներկայումս կա 865 մահճակալ, որից զբաղված են 808-ը: Հընթացս՝ մահճակալների թիվը կավելանա:
Կարծիքներ