Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին է հանձնվել Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը»
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից (ԳՄՀԸ/GIZ) իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիր հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վերներ Թութ-Շիմոն այսօր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին են հանձնել Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը»:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Այսպիսով մեկնարկ է տրվել ՀՀ համայնքներում «շարժական» ծառայությունների մատուցմանը:
«Շարժական գրասենյակները» հագեցած են համապատասխան սարքավորումներով (դյուրակիր համակարգիչ, տպիչ, տեսածրիչ, նույնականացման քարտ ընթերցող սարք և այլն)՝ ապահովելու արագ և որակյալ ծառայությունների մատուցում քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին՝ անմիջապես իրենց բնակության և/կամ գործունեության վայրում:
«Շարժական գրասենյակների» միջոցով համայնքապետարանները հնարավորություն կստանան բարձրացնել սոցիալական ծառայությունների տրամադրման որակն ու հասանելիությունը իրենց համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների համար, նպաստել համայնքում գործարար միջավայրի բարելավմանը՝ անմիջապես տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման վայրերում տրամադրելով տարատեսակ ծառայություններ, միավորված համայնքի հեռավոր բնակավայրերի բնակիչներին տեղում մատուցել ծառայություններ, իրականացնել տեղական տուրքերի, վճարների և հարկերի գանձում, ինչպես նաև բնակավայրերում առավել արդյունավետ իրականացնել հանրային լսումներ և քննարկումներ:
«Շարժական գրասենյակների» ներդրումը ՀՀ համայնքներում հնարավոր է դարձել ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ ՇԶՀԳ համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։
«Շարժական գրասենյակները» լրացնելու և բարելավելու են ՀՀ համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունները: 2015թ. ԳՄՀԸ կողմից հիմնվել է Քաղաքացիների սպասարկման 67 գրասենյակ, որը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
Մինչ տարեվերջ նախատեսվում է ՀՀ համայնքներում հիմնել Քաղաքացիների սպասարկման ևս տասը գրասենյակ, որոնցից մեկը՝ Խոյ համայնքում:
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ԳՄՀԸ և ՇԶՀԳ գործընկերներին Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար և ընդգծել, որ այդ աջակցությունը հեշտացնում է համայնքների բնակիչների կյանքը։
Կարծիքներ