Միջգերատեսչական նիստում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիոն ծրագրերի հայտերը

Միջգերատեսչական նիստում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիոն ծրագրերի հայտերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նա­խատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտե­սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հերթական նիստը։

Վերջինիս մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմն ու ներկայացուցիչները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են համայնքներից ստացված սուբվենցիոն ծրագրերի 59 հայտերը, որոնք վերաբերել են ներհամայնքային փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանն ու հիմնանորոգմանը, լուսավորության ցանցի անցկացմանը, կոյուղագծերի կառուցմանը և այլն։

Ըստ աղբյուրի՝ հանձնաժողովի նիստում անդրադարձ է կատարվել նաև «Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագծին, որով առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարեսկզբից, իսկ շինարարական աշխատանքները` անմիջապես՝ եղանակային բարենպաստ պայմաններում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում