Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարար

Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարար

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ առաջարկներ, սակայն մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չի ստացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի կողմից ներկայացվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում՝ ներառելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Նախարարն ուրախությամբ արձանագրեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների կողմից։

«Նախաձեռնության կոմպոնենտներից մեկը Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է։ Այս մասով ևս կրկին առաջարկներ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին։ Առաջարկը հնչեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կազանում, այնուհետև արդեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջոցով հայկական կողմն ավելի համապարփակ և թղթին հանձնված տարբերակ է առաջարկել Ադրբեջանին։

Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը (համենայնդեպս, այդպիսին էր իմ ընկալումը) բավականին դրական էր։ Ցավոք, մինչև այսօր պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել»,- ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ առաջարկներն ընդգրկում են Հայաստանի հարավով անցնող երկաթուղու ապաշրջափակման և բեռների տարանցման հարցեր՝ ներառյալ մաքսային և սահմանային ընթացակարգերի պարզեցման ու բեռների ապահովության մեխանիզմների վերաբերյալ լուծումներ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում