«Մետաղի ջարդոնը սարքել եք տոնածառ, դեկտեմբերի 15-ին մի կմախք չեք կարողացել ավարտել»․ Քնարիկ Հարությունյան

«Մետաղի ջարդոնը սարքել եք տոնածառ, դեկտեմբերի 15-ին մի կմախք չեք կարողացել ավարտել»․ Քնարիկ Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է․

 

Այսօր քաղաքական թեմայով հանդիպում-քննարկումից խուսափած կոմունիստները, պարզվում է օնլայն հարթակում կարողանում են ինչ-որ մտքեր արտաբերել այնուամենայնիվ:

 

Գյումրու գլխավոր տոնածառի վերաբերյալ քննարկումները ձեզ ոչ թե ստիպել են անդրադառնալ խնդրին, ինչպես հայտարարել եք, այլ դուք ստիպված էիք դրան անդրադառնալ:

 

Ի դեպ, որ դա խնդիր է, ամբողջ հանրապետությունը գիտի, բայց որ նաև դուք գիտակցեցիք վերջապես՝ ողջունելի է:

 

«Քաղաքացիական պայմանագիր»-ը այս հարցը ոչ թե շահարկում, այլ արձանագրում է՝ ձեր կամայական որոշումների և չարդարացված ամբիացիաների արդյունքում ավագանու մյուս խմբակցությունների աջակցությամբ որոշել եք վտանգավոր մետաղի ջարդոնը սարքել տոնածառ, ինչն ի դեպ, չեք էլ կարողանում դեռևս:

 

Այն, որ տոնածառը պետք է լինի զարդարված, ոչ թե լավություն կամ բարի կամքի դրսևորում է, այլ ձեր ուղիղ պարտականությունը, որի կատարման հարցում թերացել և շարունակում եք թերանալ: Տոնածառից զատ, Գյումրու որևէ փողոցում չեն մեկնարկել տոնական զարդարման աշխատանքները:

 

Դուք նաև նորեկ եք, հավանաբար տեղյակ չեք, թե նախորդ տարվա տոնածառն ինչ պայմաններում և իրավիճակում է հասել Գյումրի: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից 12 օր անց 2025-ը Գյումրին դիմավորել է նոր ու շքեղ տոնածառով, զարդարված փողոցներով:

 

Կարծում եմ քննարկման առարկա նաև պետք է լինի երկաթե կոնստրուկցիայի անվտանգությունը փաստող համապատասխան փաստաթղթի առկայության հարցը նաև: Նախորդ տարիների նման համայնքապետարանը փորձում է ամրություն, հավասարակշռություն ապահովել ծանրոցների միջոցով: Այսինքն այս հին մետաղաձողը նույնությամբ ներկվել, վերադարձվել է հրապարակ՝ ինչի համար համայնքի բյուջեից միլիոններ են հատկացվել:

 

8 ամիս քաղաք եք ղեկավարում, դեկտեմբերի 15-ն է, մի տոնածառի կմախք չեք կարողացել վերջնական ավարտուն տեսքի հասցնել: Ու Գյումրու նկատմամբ ունեցած ձեր այս արհամարհական վերաբերմունքով հանդերձ համարձակվում եք գյումրեցուն հրավիրել ձեր հավաքած կմախքի հետ լուսանկարվելո՞ւ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում