Կառավարությունը կհատկացնի 67 մլն դրամ Սյունիքի 13 բնակավայրերում դպրոցների կառուցման նախագծեր մշակելու համար
Կառավարությունը ավելի քան 67 միլիոն դրամ կհատկացնի Կապան խոշորացված համայնքի 13 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարությունը նման որոշում ընդունեց մարտի 17-ի հերթական նիստում։
«Դրանք են Աճանանի, Օխտարի, Արծվանիկի, Գեղանուշի, Սյունիքի, Եղեգի, Ծավի, Ճակատենի, Ներքին Հանդի, Շիկահողի, Վերին Խոտանանի, Դավիթ Բեկի և Եղվարդի միջնակարգ դպրոցները, որտեղ նախատեսվում է ունենալ արդիական շենքային և գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ պայմաններով, որտեղ կկազմակերպվեն դպրոցական, նախադպրոցական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր, օրինակ՝ արհեստագործական, ըստ համայնքների կարիքների»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նա նշեց, որ այդ արդիական պայմանները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային, սպորատային, ժամանցային միջավայր՝ դառնալով համայնքային ժամանակակից կենտրոններ։
Նախագծով նախատեսվում է նաև գումար հատկացնել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես ԲԳԿ) 2022 թվականի բյուջեն ավելացնել 67,125.1 հազար դրամ գումարով՝ (60,060.0 հազար դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով և 7,065.1 հազար դրամը՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով): Նախագծով նախատեսվում է 60,060.0 հազար դրամ գումարը հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված թվով 13 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
Նախագծով նախատեսվում է նաև գումար հատկացնել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար:
Կարծիքներ