Կրակոցներ Երևանի էլիտար թաղամասում. հայտնաբերվել են փամփուշտներ և վնասված ապակիներ, կան ձերբակալվածներ
Օգոստոսի 8-ին՝ կրակոցներ են հնչել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում Վերին Անտառային փողոցի 131 շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ տեղեկությունները հավաստի են և նշված շենքի բնակարաններից մեկի պատուհանների մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 փամփուշտ: Կրակոցների հետևանքով վնասվել են այդ բնակարանի շքամուտքի և ննջասենյակի պատուհանների արտաքին հատվածի ապակիները:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված խուլիգանությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 47-ամյա Վ. Բ.-ին, 20-ամյա Հ. Բ.-ին և 37-ամյա Ա. Խ.-ին:
Վերջինները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Կարծիքներ