Թուրքերի մեծամասնությունը չի հավատում Էրդողանի՝ բարեփոխումներ անելու խոստումներին. հարցում
Թուրքիայի բնակչության մեծամասնությունը չի հավատում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության խոստումներին տնտեսական և դատական համակարգի բարեփոխումների մասին: Ինչպես հայտնում է Ahval News-ը, այս մասին վկայում են վերջերս անցկացված հարցումները:
Նոյեմբերին անցկացված հարցման տվյալներով՝ երկրի բնակչության մոտ 60 տոկոսը համոզիչ չի համարում կառավարության խոստումները:
Էրդողանն արմատական բարեփոխումներ է խոստացել տնտեսության և դատական համակարգի ոլորտներում, երբ թուրքական լիրան սկսել է արժեզրկվել՝ թարմացնելով պատմական նվազագույն ցուցանիշները: Այդ խոստումներով Էրդողանը կենտրոնական բանկին ստիպել է բարձրացնել տոկոսադրույքները:
Բարեփոխումների մասին հայտարարություններ երկրի նախագահն արել է անցյալ ամիս՝ կենտրոնական բանկի կառավարչին փոխելուց և իր փեսայի՝ ֆիննախարարի պաշտոնից հեռանալուց հետո:
Ըստ հարցման արդյունքների՝ բնակչության 59.9 տոկոսը կասկածի տակ է դրել այդ խոստումների իրականացումը, 10 տոկոսը կարծիք չի հայտնել, և միայն 30.7 տոկոսն է վստահություն հայտնել Էրդողանին:
Բացի այդ, հարցման մասնակիցների 69 տոկոսը կարծիք է հայտնել, որ արմատական բարեփոխումների կարիք կա տնտեսական, դատական և ժողովրդավարության ամրապնդման ոլորտներում:
Թուրքական լիրան ռեկորդային նվազագույն ցուցանիշը գրանցել է նոյեմբերի 6-ին, երբ մեկ դոլարի փոխարժեքը կազմում էր 8.58 լիրա: Տարեկան գնաճը երկրում կազմել է 14 տոկոս:
Կարծիքներ