Լոռու մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է, կա 1 զոհ, 3 վիրավոր․ տուժածներն ընտանիքի անդամներ են

Լոռու մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է, կա 1 զոհ, 3 վիրավոր․ տուժածներն ընտանիքի անդամներ են

Օգոստոսի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» ԲԿ-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վիրավորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք բոլորն ընտանիքի անդամներ են, Սպիտակ քաղաքի բնակիչներ, մահացածն էլ 39-ամյա Ա. Ս.-ն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում