Տարեկան շուրջ 21 հազար շրջանավարտներից մանկավարժ դառնալու ցանկություն են հայտնում մոտ 500-ը. ԿԳՄՍ փոխնախարար
Մեր երիտասարդների մեծ մասի համար մանկավարժությունն այն մասնագիտությունը չէ, որ կարելի է ընտրել, ԱԺ լսումների ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Այսօր մենք մանկավարժական համալսարանի 1-4-րդ կուրսերում միասին ունենք 7 հոգի: 7 ուսանող, որոնք սովորում են, որպեսզի դառնան ֆիզիկայի ուսուցիչ: 2018-ին դիմել է 4 հոգի, հաջորդ տարի՝ 3, մյուս տարի՝ 4: Քիմիայից պատկերն ավելի վատ է. 1 հոգի դիմել է 2018-ին, մյուս տարիներին՝ 3-ական դիմորդ: Ընդհանուր առմամբ, ամեն տարի մեր շուրջ 21 հազար շրջանավարտներից մանկավարժ դառնալու ցանկություն է հայտնում մոտ 500 հոգի»,- ասաց նա:
Անդրեասյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ուսուցիչների գրեթե կեսը 50-ից բարձր տարիքի է:
«Դա նշանակում է, որ առաջիկա տասնամյակում պետք է ուսուցչական կազմի էական համալրում իրականացվի, ամեն երկրորդ ուսուցիչը պետք է նոր մուտք գործի համակարգ: Որտեղի՞ց: Այսօր արդեն տարեկան ուսուցչական ավելի քան 700 տեղեր թափուր են մնում և չեն լրացվում: Դժվարանում է ուսուցիչ գտնելը նույնիսկ քաղաքային դպրոցներում»,- ասաց Անդրեասյանը:
Կարծիքներ