ՀՀ նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի հանդիպումը

ՀՀ նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի աշխատանքային խմբի հանդիպումը

Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշակույթի աշխատանքային խմբի (ՄԱԽ) հանդիպումը, որը նախագահում էր Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի։

Դեռևս ապրիլի 4-5-ը կայացած ՍԾՏՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպմանը հավանություն էր տրվել ՍԾՏՀԿ ՄԱԽ համակարգման Հայաստանի Հանրապետության հայտին (2023 թ. հուլիսի 1-2025 թ. հունիսի 30): Նախագահողի կողմից ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված ՍԾՏՀԿ ՄԱԽ-ի 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը, որը մանրամասն քննարկվել և մասնակից երկրների մեծամասնության կողմից արժանացել է հավանության:

Սևծովյան տարածաշրջանում մշակութային բազմազանության խրախուսման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հարցի շրջանակում անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մշակութային ծրագրերը և նոր նախաձեռնությունները:

Հայաստանի համակարգողը ներկայացրել է այս տարի Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական 12-րդ ֆորումի շրջանակում իր կողմից պատրաստված «Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ ծրագրի ընդլայնումն անդրազգային հարթակների միջոցով. ՍԾՏՀ տարածաշրջանի մշակութային ներուժի կիրառումը» թեմայով զեկույցը: Կարևորվել են ՍԾՏՀԿ և Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի միջև համագործակցության ընդլայնման, միջազգային մեխանիզմների համախմբման միջոցով տարածաշրջանային բազմաշերտ համագործակցության նոր ձևաչափի ձևավորման հնարավորությունները:

Սևծովյան տարածաշրջանի հետազոտությունների միջազգային կենտրոնի կողմից քննարկման է ներկայացվել «ՍԾՏՀ մշակութային ամիս» ծրագիրը, որը մեկնարկել է 2017 թվականից: Այն նպատակ ունի խթանելու տարածաշրջանի հարուստ մշակութային բազմազանությունը, ինչպես նաև բարձրացնելու ճանաչելիությունը: Ակտիվորեն քննարկվել են Հայաստանի կողմից առաջարկված ՍԾՏՀ-ի շրջանակում մշակութային քաղաք հռչակելու գաղափարը և մշակութային զբոսաշրջության առաջխաղացման կարևորությունը։

Նիստի շրջանակում աշխատանքային հանդիպումներ են տեղի ունեցել Հունաստանի և Սերբիայի մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Որոշվել է ընթացք տալ ՍԾՏՀԿ ՄԱԽ գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում