Քննարկվել են բուհերում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր
Պետական բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը: Նիստը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հաշվի առնելով բուհերի առանձնահատկությունները՝ ռեկտորներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած հաստատության տեսակետն ու առաջարկները: Քննարկված բոլոր տարբերակները եկող շաբաթ նախատեսվում է ներկայացնել պարետատուն՝ վերջնական որոշում ունենալու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնառության բոլոր հնարավոր տարբերակները՝ ամբողջությամբ հեռավար, հիբրիդային և սովորական լսարանային: Բուհերի ղեկավարները համակարծիք են եղել, որ լսարանային դասախոսությունները կարելի է կազմակերպել առցանց եղանակով, որոշ դեպքերում հնարավոր կլինի օգտագործել բուհերի հարակից բացօթյա տարածքները: Ընդհանուր առմամբ, կարևորվել է բուհերի շենքային պայմաններից ելնելով ու առանձնահատկություններով պայմանավորված՝ ուսումնական գործընթացները կազմակերպելիս որոշակի ինքնավարությունից օգտվելու հնարավորությունը:
Անդրադարձ է եղել օտարերկրյա և վիրահայ ուսանողների ընդունելության և ուսումնառության թեմային: Խոսվել է նաև նոր ուսումնական տարվա կազմակերպման հետ կապված նորությունները բուհերի պաշտոնական կայքերի միջոցով, ինչպես նաև բուհերի տարածքում տեսանելի վայրերում իրազեկող նյութերի տարածման եղանակով ուսանողներին ներկայացնելու կարևորության մասին:
Կարծիքներ