Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Ռուսաստանի և Հայաստանի դեսպաններին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ ա կաթողիկոսը մայիսի 13-ին առանձին հանդիպումների ընթացքում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովին և Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման ընթացքին տեղի ունեցած քննարկումներուն առանցքը բնականաբար դարձան Ուքրանիոյ պատերազմը եւ Հայաստանը։ Յիշեալ հարցերուն գծով Նորին Ս. Օծութիւնը ներկայացուց իր պատկերացումները ու մտահոգութիւնները։
Դեսպան Ռուտաքով, իր կարգին, պարզեց Ուքրանիոյ հարցին գծով Ռուսիոյ կեցուածքը եւ Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ փոխադարձ հասկացողութեամբ լուծումներ որոնելու Ռուսիոյ ճիգը։
Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետին ներկայութեան, կարճ հանդիպում մը տեղի ունեցաւ դեսպանին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի ու հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի միջեւ։ Անոնք արծարծեցին յատկապէս Լիբանանի այժմու կացութեան եւ յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններուն առնչուած հարցեր։
Յայտնենք, որ յետ միջօրէին, Հայրապետին նաեւ այցելեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր անդրադարձ կատարելու Հայաստանը յուզող հիմնահարցերուն», ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ