Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է. կա ևս 2 ձերբակալված
Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է: Կա ևս 2 ձերբակալված:
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասված է.
«Պարզվել է վերոնշյալ տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս երկուսի ինքնությունը: Նրանցից մեկը Երևան քաղաքի՝ 1999թ. ծնված բնակիչ Վելիխան Խլղաթյանն է, մյուսը՝ Կոտայքի մարզի՝ 1999թ. ծնված բնակիչ Գևորգ Մուրադյանը: Վերջիններս ձերբակալվել են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Հիշյալ քրեական գործով, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 7 անձանց նկատմամբ: Նախաքննությունը շարունակվում է»:
Նշենք, որ մինչ այս ձերբակալվածների թվում էին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, որն արդեն կալանավորված է, և ակտիվիստ Գոռ Սարգսյանը՝ Գեղամ Մանուկյանի փեսան:
Հիշեցնենք՝ մայիսի 10-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի քանի այլ անձանց: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ընդդիմադիր ուժերը ավտոերթով գնացել էին Գյումրի՝ այնտեղ հանրահավաք իրականացնելու:
Կարծիքներ