Հայաստանը և Հնդկաստանը ձեռք են բերել մի շարք կոնկրետ ծրագրերի իրագործման պայմանավորվածություններ

Հայաստանը և Հնդկաստանը ձեռք են բերել մի շարք կոնկրետ ծրագրերի իրագործման պայմանավորվածություններ

Հայաստանը և Հնդկաստանն ընդլայնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների արտգործնախարարները մի շարք ոլորտներում շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:

Ըստ նախարարի՝ Հնդկաստանի իր գործընկերոջ այցը վկայում է երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին, այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում:

«Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Սա կարելի է տեսնել կառավարության ծրագրում»,- նշեց Միրզոյանը:

Նա գոհունակություն հայտնեց հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր պայմանավորվածություններն արագորեն կյանքի կոչելու համար: Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Եվ ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց պաշտպանական, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկու երկրների քայլեր ձեռնարկելը հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար: «Մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում ևս կշարունակի խորանալ, փոխադարձ աջակցությունն ամրապնդվել»,- ասաց Միրզոյանն ու շնորհավորեց Հնդկաստանին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:

Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը, աջակցությունը Հնդկաստանին՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամություն ստանալու հարցում:

Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Միրզոյանը նշեց, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը զարգանում է առևտրի, կրթության, մշակույթի, առողջապահության, գիտության, պաշտպանության և միջմարդկային փոխանակումների ոլորտներում: «Երկկողմ համագործակցության առումով մեր սպասելիքներն իրականում շատ ավելի շատ են: Այս այցի և հանդիպումների ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մի շարք ոլորտներում շատ ավելի շոշափելի և արդյունավետ ծրագրերի իրականացման առումով»,- ասաց Միրզոյանը:

Հայկական կողմից առաջարկ է հնչել՝ անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ, միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում