Անգործության գինը շատ բարձր է. ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում կոչ է արել անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Անգործության գինը շատ բարձր է. ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում կոչ է արել անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ԱԽ «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը» թեմայով քննարկման ժամանակ:

Այս մասին գրում է «Լուրեր»-ը։

Վահե Գևորգյանը մասնավորապես, նշել է.

«Սովը և մարդկանց տանջանքներ պատճառելը պատմության մեջ պատերազմի հանցագործության վառ օրինակներ են եղել: Սակայն այսօր ևս մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մայրերը չեն կարողանում սնունդ հայթայթել իրենց երեխաների համար, ուրիշները չեն կարողանում դեղորայք գտնել ծայրահեղ հիվանդ ազգականների համար:

Հենց այս պահին ԼՂ ժողովուրդն առերեսվել է գոյաբանական խնդրի հետ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից ամբողջական շրջափակման հետևանքով: 7 ամսից ավելի Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ ԼՂ համար աշխարհի հետ կապի միակ ուղին:

Դա 2023թ. փետրվարի 22-ի և այս տարվա հուլիսի 6-ի ՄԱԿ միջազգային դատարանի որոշման, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ու 2020թ. նոյեմբերի 9-ի դրույթների կոպիտ խախտում է: Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական շրջափակման պատճառով ընդհատվել է սննդի, դեղորայքի մատակարարումը՝ ստեղծելով ամբողջական հումանիտար ճգնաժամ: Գազի և էլեկտրականության մատակարարման ընդհատումը խաթարել է տրանսպորտի, առողջապահական և այլ կարևոր կառույցների աշխատանքը՝ խախտելով մարդկանց հիմնարար իրավունքները:

Շրջափակումը հատկապես նշանակալի հետևանքներ է ունենում հասարակության ամենախոցելի հատվածների համար: Վիտամինների և սննդի պակասի հետևանքով 20000 հղի կին, 30000 երեխա, 9000 հաշմանդամ տառապում է և փորձում դիմակայել թերսնման, հիմնական սննդամթերքի և դեղորայքի բացակայության պայմաններում: Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ նրանց պատճառելով հավելյալ տառապանք: Այս մտահոգիչ երևույթներն արդեն բարձրաձայնվել են ԿԽՄԿ կողմից, որը ԼՂ-ում միակ մարդասիրական առաքելություն իրականացնող կառույցն է:

Հուլիսի 25-ի իր հաղորդագրության մեջ Կարմիր խաչը նշել է, որ իրավիճակը գնալով խորանում է, և ինքը չի կարողանում մատակարարումներ ապահովել ԼՂ բնակչությանը Լաչինի միջանցքով՝ ընդգծելով, որ իր մարդասիրական առաքումները տեղի բնակչության համար կենսական նշանակություն ունեն:

Այդ հաղորդագրությունից 3 օր անց Ադրբեջանը ձերբակալեց 68-ամա Վագիֆ Խաչատրյանին, որին ԿԽՄԿ-ն ԼՂ-ից բուժման համար տեղափոխում էր Հայաստան: Նախապես համաձայնեցված ցուցակով տեղափոխվող անձի ձերբակալությունը ԼՂ-ում ԿԽՄԿ աշխատանքը խոչընդոտելու հստակ հաշվարկված քայլ էր:

Մարդկանց ամենասուղ կարիքները բավարարելու համար ՀՀ կառավարությունը հուլիսի 26-ին որոշեց ԼՂ ուղարկել մոտ 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք՝ հիմնականում սնունդ և դեղորայք: Մենք այդ օգնությունը կարիքավոր մարդկանց ուղարկելու համար դիմեցինք ՌԴ խաղաղապահ առաքելությանը, անցած ամիսների ընթացքում նման բան հաճախ է իրականացվել: Այդուամենայնիվ, մարդասիրական շարասյունը դեռևս մնում է սահմանին՝ Ադրբեջանի կողմից դրա տեղափոխումը թույլ չտալու պատճառով:

ԼՂ-ում ծանր վիճակի խորացումը և սովի տարածման ռիսկը պահանջում են, որպեսզի միջազգային հանրությունն արձագանքի պատեհ և արդյունավետ, որպեսզի ամբողջությամբ կատարվեն ՄԱԿ դատարանի որոշումները և հարգվեն միջազգային հումանիտար օրենքները:

Հույս ունենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեկվա հայտարարությունը, որում նա մտահոգություն է հայտնում տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ և կոչ է անում հրատապ միջոցներ կիրառել` կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունն ապահովելու համար, կլինի իրավիճակի հանգուցալուծման մեջ ՄԱԿ-ի ամբողջական ներգրավվածությանն ուղղված առաջին քայլը: Այդ ներգրավվածությունն անհրաժեշտ է առավել, քան երբևէ:

Անգործության գինը շատ բարձր է: Այս զանգվածային բռնությունը կարող է և պետք է կանխարգելվել և դադարեցվել: Կոչ ենք անում ՄԱԿ-ին և նրա ԱԽ-ին ձեռնարկել հրատապ միջոցներ՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ դատարանի որոշումներին և միջազգային հումանիտար օրենքներին ամբողջական ենթարկվելը, անմիջապես վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների ու ԿԽՄԿ անխոչընդոտ հասանելիությունը դեպի ԼՂ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում