Հակոբ Հակոբյանի հինգ մանրաքանդակով համալրվել է ՀԱՊ-ի հավաքածուն
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններով: Արվեստագետի ընտանիքը թանգարանին է նվիրել աշխատանքային գործիքներով ստեղծված և հայկական կերպարվեստում աննախադեպ երևույթ համարվող հինգ մանրաքանդակ:
Հակոբ Հակոբյանի ավելի քան երեսուն ստեղծագործություն այսօր պահվում է ՀԱՊ-ի ֆոնդերում, որոնցից տասը համալրվել է դեռևս հեղինակի հայրենադարձությունից առաջ՝ 1958 թվականին արված նվիրատվության շնորհիվ: Հետագայում ձեռքբերումների բարի ավանդույթի և ճիշտ քաղաքականության արդյունքում այդ թիվն ավելացել է և այսօր էլ շարունակում է աճել: Շնորհիվ Հակոբ Հակոբյանի ընտանիքի՝ պատկերասրահը կրկին նոր ձեռքբերումներ ունի. արվեստագետի հինգ բացառիկ մանրաքանդակներ, որոնք աննախադեպ են հայկական կերպարվեստում, իրենց մշտական հանգրվանն են գտել՝ ամբողջացնելով ՀԱՊ-ում նկարչի ժառանգությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հակոբ Հակոբյան. հոգու հայելի» խորագրով հոբելյանական ցուցահանդեսը: Այն ներկայացնում էր արվեստագետի ստեղծագործական հարուստ ժառանգությունը՝ գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ Հայաստանի թանգարանների, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից:
«Հակոբ Հակոբյան. հոգու հայելի» ցուցահանդեսն առաջին ամբողջական, ընդգրկուն բովանդակությամբ, ընդգծված կոնցեպտով ցուցադրությունն էր, որտեղ արվեստասեր հանրությանը հայտնի ստեղծագործությունների կողքին ներկայացվել են գործեր, որոնք երբեք չէին ցուցադրվել Հայաստանում. դրանցից մեկը նույնիսկ նորություն էր արվեստաբանների համար: Ցուցադրությունը, ուղեկցվում էր ծավալուն պատկերագրքով և բազմաթիվ այցելություններ է ունեցել՝ արժանանալով դրական արձագանքների և մասնագիտական բարձր գնահատականների:
Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը (1923–2013) 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է: Նրա արվեստի ձևավորման եգիպտական շրջանն ինքնաճանաչողության, փնտրտուքի էտապ էր, որն ավարտվում, բայց նոր սկզբի ծիլեր է տալիս Հայաստանում: Հակոբյանը բացահայտում է հայկական նոր բնապատկեր, նորովի անդրադառնում նյութական աշխարհին, արձագանքում մարդկային լարված փոխհարաբերություններին, հոգեկան և բարոյական վիճակին։ Երկար ստեղծագործական տարիների ընթացքում վարպետին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը: Նկարիչը փնտրել է նաև այլ ուղիներ՝ ազատագրվել երկչափ հարթությունից, անշունչը շնչավոր դարձրել: Այսպես, 1980-ականներին նրա արվեստ մուտք է գործել քանդակի լեզուն և կատարելագործվել 2000-ականներին՝ պլաստիկական միջոցներով ներկայացնելով մարդկային էությունը:
Հակոբ Հակոբյանը կարողացել է գեղարվեստական միջավայր ներմուծել ուրույն գունամտածողություն, ոճական ու գեղագիտական սկզբունքներ, որոնք ընդունվել և հաստատվել են իբրև այլընտրանքային մտածողության դրսևորում հայրենական մշակութային դաշտում՝ ձևավորելով յուրօրինակ, հակոբյանական ձեռագիր:
Կարծիքներ