Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն շինհրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու պահանջները

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն շինհրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու պահանջները

Սեպտեմբերից ուժի մեջ կմտնի շինարարական հրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու նորմերի վերաբերյալ ավագանու որոշումը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Ոլորտի խնդիրների և նոր կարգավորումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է հանդիպում-քննարկում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների և կառուցապատող այլ ընկերությունների հետ:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը, կարևորելով որոշման պահանջները, ընդգծել է, որ քաղաքը շինարարական փոշուց պաշտպանելու համար շենքեր և շինություններ կառուցելու ընթացքում պարտադիր կերպով շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով պետք է ծածկել կառույցը:

4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար պետք է ապահովվի օդի որակը դիտարկող սարքավորումների տեղադրումը՝ առցանց հարթակի հասանելիությամբ, իսկ համայնքի կողմից՝ դրանց տվյալների ստուգաչափման հնարավորությունը: 

Շինանյութի տեղափոխումը, պահպանումը պետք է կազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով:

Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները տարածքից պետք է դուրս բերվեն միմիայն հատուկ մետաղական հարթակի վրա լվանալուց հետո:  

Ավագանին սահմանել է նաև շինհրապարակների կազմակերպման պահանջներն ու տեղում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ նախագծից մինչև շինթույլտվություն:

Կառուցապատողները նշել են, որ պատրաստ են համագործակցելու համայնքի հետ՝ քաղաքաշինության ոլորտի խնդիրները համատեղ լուծելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում