Իրանի խորհրդարանում Էրդողանին խորհուրդ են տվել ուշադիր կարդալ պատմությունը
Իրանի խորհրդարանի մամուլի քարտուղարի օգնական Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել կարդալ Իրանի պատմությունը՝ Էրդողանի կողմից վիճահարույց բանաստեղծության մեջբերումից հետո, գրում է Mehr-ը:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին խոսքերը ապշեցրին ինձ: Ես կարծում եմ, որ թուրք նախագահը չգիտի, թե ինչ է ինքը ասել»,- Twitter-ում գրել է Ամիր-Աբդոլլահիանը:
«Պարոն նախագահ, հարեւանության եւ էքսպանսիոնիզմի ակնկալիքի միջեւ տարբերություն կա: Խնդրում եմ մանրամասն կարդալ Իրանի պատմությունը եւ մասնավորապես Իսլամական Հանրապետության պատմությունը»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ օրը կանչել էր Անկարայում Իրանի դեսպանին:
Ըստ նրա տվյալների՝ իրանցի դիվանագետին փոխանցվել է Անկարայի արձագանքը՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի «անհիմն մեղադրանքներին»:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը կանչել էր Թեհրանում Թուրքիայի դեսպանին՝ կապված Բաքվում թուրքական հանրապետության նախագահի հայտարարության հետ: Նրան ասել էին, որ «տարածքային պահանջների եւ ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ հետեւում է մնացել»:
Հինգշաբթի օրը Էրդողանը, ելույթ ունենալով Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտին նվիրված Բաքվի զորահանդեսում, արտասանել էր Արազ գետը հիշատակող բանաստեղծության տողերը: Խոսքը այն մասին էր, որ «գետը ուժով բաժանվել է» երկրների միջեւ:
Կարծիքներ