Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն

Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն

Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան «Օսկար»-ի գլխավոր տնօրենի նորաստեղծ պաշտոնում նշանակել է Թենի Մելիդոնյանին:


Այս մասին հայտարարել է Ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը։

Նոր պաշտոնում Թենի Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հետ կապերը, հատուկ միջոցառումները և մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի և միջոցառումների արտադրական թիմերը։

Նա կաշխատի «Օսկար»-ի պրոդյուսերների և հաղորդավարների, Disney/ABC-ի և Ակադեմիայի ղեկավարության, ներառյալ՝ Կառավարիչների խորհրդի և նրա հանձնաժողովների հետ, ինչպես նաև կհամակարգի այն թիմերի աշխատանքը, որոնք ներգրավված են «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության մշակման և անցկացման, ինչպես նաև այն համաշխարհային լայն լսարանին ներկայացնելու գործում:

Ակադեմիայի տնօրենը՝ բարձր գնահատելով Մելիդոնյանի փորձը, ստեղծագործական անհատականությունն ու հեռանկարային լինելը, կարևորել է այս պաշտոնը, հատկապես՝ «Օսկար»-ի 100-րդ մրցանակաբաշխությանն ընդառաջ։

Քրամերի ղեկավարությամբ՝ 2022 թվականին Մելիդոնյանը գլխավորել է «Օսկար»-ի նորաստեղծ ռազմավարական ստորաբաժանումը, որն ամբողջ տարվա ընթացքում աշխատում էր մրցանակների հետ կապված բոլոր ծրագրերի վրա:

Հայուհին վերջերս «Օսկար»-ի ռազմավարության փոխնախագահն էր: Նա իր ակադեմիական կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես հաղորդակցության և հրապարակայնության բաժնի ղեկավար: Մինչ ամերիկյան կինոկադեմիա ընդունվելն աշխատել է Վաշինգտոնում, նաև ՀՀ դեսպանությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում