Ավելի իրական ռազմահայրենասիրությունը լինել չէր կարող
Ոմանց զայրացնում են ծայրահեղ ռազմահայրենասիրական տրամադրությունները, ռազմատենչ կոչերը, մոտալուտ հաղթանակի սպասումները, սակայն արդյո՞ք կարող էր այլ կերպ լինել: Չէ որ ռազմի դաշտ մեկնող զինվորին պետք է քաջալերել, պետք է ոգեշնչել, այո՝ չմոլորեցնել, սակայն թեւեր տալ, որ նա էլ իր հերթին կարողանա սխրանքներ գործել, կարողանա ազգին պաշտպանել՝ հաղթանակ բերել: Եվ մեր զինվորներն այսօր ապացուցում են, որ ի վիճակի են հաղթելու, պատրաստ են անձնազոհության, կգնան մինչեւ վերջ: Չեմ ուզում մտածել, թե որը կարող է լինել այդ վերջը, որովհետեւ անկախ պատերազմի հանգուցալուծումից ցանկացած կորուստ անդառնալի ողբերգություն է: 92 թվականին մեր ընտանիքը հերոս զինվոր է տվել հայրենիքին, ինչը փոխել է մեր ավագ սերնդի ամբողջ կյանքը: Սակայն, որքան ցավում ենք, հազարապատիկ ավելի հպարտ ենք մեր հորեղբող զոհողությամբ, ինչպես հպարտ ենք այս երկար ու ձիգ 30 տարիներին արյուն թափած ամեն զինվորի համար:
Ես չէի հավատում, որ էս օրը գալու է: Հազար անգամ տատիկիս հետ կռվել եմ, ապացուցել, որ բացառված ա, որ հերիք ա վախերի մեջ ապրել, ինչ պատերազմ, սա քաղաքականություն ա ու մի օր էս հարցը լուծվելու ա, լուծվելու ա ու մենք խաղաղ ապրելու ենք, լավ՝ գուցե ոչ մենք, բայց մեր սերունդները, սակայն ցավոք ես սխալվեցի եւ հիմա իրականությունը վատագույնն է:
Ես դեմ եմ կեղծ ռազմահայրենասիրությանը, բայց այս պահին այն իսկապես կեղծ չէ, այլ գիտակցված: Երբ կողքիդ կրթված եւ բարեկեցիկ կյանքով ապրող տղաներն են ամեն բան թողնում եւ կամովի մեկնում ռազմաճակատ, երբ կողքիդ աղջիկները գիտակցելով վտանգներն իրենց ամուսիններին, իրենց երեխաների հայրերին ճանապարհում են մարտի, հասկանում ես, որ ավելի իրական ռազմահայրենասիրությունը լինել չէր կարող:
Ցավոք սրտի այս ամենը ոչ վատ երազ է, ոչ մարտաֆիլմ... Բայց պետք է հավաքվել, չվախենալ, ՉՀԱՎԱՏԱԼ ԱՄԵՆ ՀԻՄԱՐԻ ՏԱՐԱԾԱԾ ԽՈԻՃԱՊԱՀԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, պետք ա հավաքվել: Հավաքվել ու պատրաստ լինել ցանկացած զարգացումների: Ես հավատում եմ, որ ամեն բան լավ է լինելու: Ես պատրաստ եմ ամեն ինչ անել իմ ուժերի ներածին չափով, Ձեզնից միայն նույնն է պահանջվում: Թե դրսում եք՝ բողոքի ցույցեր արեք, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատները պաշարեք, Ձեր կառավարություններին ստիպեք միջամտել, ճանաչել Արցախի անկախությունը, լծակներ կիրառել մեր թշնամու դեմ: Հնարավորությունների սահմաններում «Համահայկական հիմնադրամին» գումար փոխանցեք, որովհետեւ այդ գումարները կարող են վճռորոշ լինել որոշակի պահի: Թե երկրում եք ու մարտունակ՝ մեկնեք ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանելու, այլապես վաղը կարող է շատ զղջաք...
Թե հայտնի եք՝ օգտագործեք Ձեր լսարանը, համախմբեք մարդկանց, ոգեշնչեք, դիմեք սփյուռքահայերին, ոչ ոք չպիտի անտարբեր մնա: Թե չեք կարող մեկնել մարտի, ինքնակազմակերպվեք, հասկացեք ինչով կարող եք տեղում օգնել: Պարզապես պետք է հավաքվել ու ամեն բան լավ կլինի: Ես հավատում եմ:
Մարիամ Մարգարյան
Կարծիքներ